Համակարգիչներ` «Էօռնեկյան» դպրոցի աշակերտներին
Նոյեմբերի 21-ին «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամը «ՆՈՒՌ» (Նոր ուսումնական ռազմավարություն) ծրագրի շրջանակներում XO Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօռնեկյան հանրակրթական դպրոցի» առաջին դասարանի աշակերտներին և նրանց դասվարներին համակարգիչներ բաժանեց: Ազգային բարերար Էդուարդո Էօռնեկյանի նախաձեռնած ծրագիրն արդեն երկրորդ տարին է, որ գործում է բարերարի անունը կրող հանրակրթական դպրոցում:
Միջոցառումը դպրոցի աշակերտների կողմից բացվեց Տերունական աղոթքով, ապա ՀՀ Օրհներգի ու «Էօռնեկյան հանրակրթական դպրոցի» հիմների կատարումներով: Ապա երախտագիտության խոսք ասաց դպրոցի տնօրեն Յուրի Ջիլավյանը: Պարոն Ջիլավյանը դպրոցի ուսումնական ծրագրի շրջանակներում նման նախաձեռնության համար շնորհակալություն հայտնեց արգենտինահայ նշանավոր գործարար Էդուարդո Էօռնեկյանին և միջոցառմանը մասնակից նրա ներկայացուցիչներին` նշելով, որ ծրագիրը մեկ տարվա ընթացքում դրական արդյունքներ է գրանցել ուսումնական ընթացքի մեջ: Տնօրենը հույս հայտնեց, որ ծրագիրը կտարածվի նաև Հանրապետության այլ դպրոցներում:
Աշակերտներին, ծնողներին և ուսուցիչներին շնորհավորանքի խոսք ուղղեց «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Անա Քրիստինա Շիրինյանը: Վերջինս ուրախությամբ արձանագրեց, որ նոր ծրագիրը նպաստում է ուսումնական գործընթացի առաջխաղացմանն ու որակի բարձրացմանը: Այնուհետև, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու գնահատանքը ծրագրի կազմակերպիչներին փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն և «Էօռնեկյան հանրակրթական դպրոցի» տեսուչ Տ. Վարդան վարդապետ Նավասարդյանը: Հայր Սուրբը, շնորհավորելով տարրական դասարանի աշակերտներին և ուսուցիչներին, երախտագիտություն հայտնեց բոլոր այն անձանց, որոնց ջանքերով ծրագիրը գործում է դպրոցում: Հայր Վարդանն իր խոսքում վստահություն հայտնեց, որ կրթության գործի իրականացման ճանապարհին համագործակցությունը և նման ծրագրերի իրականացումը գիտելիքներ ձեռքբերելու գործում կրթական յուրահատուկ հեղափոխություն պիտի դառնան աշակերտների համար` կրթելու և դաստիարակելու նրանց իբրև լավ քրիստոնյաներ ու արժանավոր հայորդիներ: Տեսուչը մասնավորապես նշեց, որ հարափոփոխ աշխարհի արագընթաց զարգացման մեջ հայ մանուկները և պատանիները պետք է համաքայլ ընթանան համաշխարհային նվաճումներին, որպեսզի իրենց որոշիչ դերակատարությունն ունենան քաղաքակրթության զարգացման և գիտության ասպարեզում: Հայր Վարդանը նաև ընդգծեց, որ այսօրինակ ծրագրերի իրականացումը կրթական օջախներում գիտելիք ձեռք բերելու անսպառ աղբյուր պիտի դառնա:
Հանդիսության ավարտին երգերի կատարումներով հանդես եկան «Էօռնեկյան հանրակրթական դպրոցի» աշակերտները, որից հետո Անա Քրիստինա Շիրինյանը XO համակարգիչներ ընծայաբերեց դպրոցի տարրական դասարանների աշակերտներին:
Միջոցառմանը ներկա էին նաև դպրոցի Հոգաբարձուների խորհրդի անդամներ, ուսուցիչներ և աշակերտների ծնողներ ու հյուրեր: